ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՁՅՈՒՆ

ՁՅՈՒՆ
15.12.2009 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

Միայն թե նա մնա պառկած, խնդալից ու մաքուր, որպես երկնային նվեր, որպեսզի ուրախացնի և ազնվացնի մեր սրտերը։ Միայն թե չանհետանա արագորեն, ինչպես սքանչելի երազ, որը երջանիկ է դարձնում մեզ գիշերվա ընթացքում, որպեսզի գրեթե անհետ վերանա լուսաբացին։ Օ՜, ինչքա՜ն վաղանցիկ, ինչքա՜ն կարճատև է ամեն մի հոյակապ բան երկրի վրա։ Նա հայտնվում է հրաշքի նման ու չքանում երջանկության պես։ Ճախրող օդային շուրջպարի պես նա գալիս է մեզ մոտ, պտույտ գալով, ներքև տեղալով ամպերի միջից։ Գրեթե զարհուրելի է այդ անզսպելի պարը բոլոր բարձրություններում, այդ պարող քաոսը` բոլոր հեռավորությունների վրա։ Սպիտա՜կ փոքրիկ արարածներ։ Որտեղի՞ց եք այդքան շատ։ Դեպի ո՞ւր այդքան խիզախ։ Արդյոք սավառնո՞ւմ եք ազատությունից հարբած։ Արդյոք հարբե՞լ եք ուրախությունից։ Ի՞նչն է հրապուրում ձեզ ներքևում։ Ի՞նչ պիտի անեք երկրի վրա, եթե սովոր եք այնտեղ` վերևում, այդ անկանոնության վայրի խնդությանը։ Եթերանման զավակներ, խնդալի՜ց անմեղություն, քամու զոհեր` ո՞վ կկանոնավորի ձեզ։ ՈՒզո՞ւմ եք ձեզ հետ քաշել-տանել ինձ ձեր պտտահողմի մեջ։ Կարծում եք, որ մարդը կարո՞ղ է տանել դա։ Բայց պարն ավարտվում է։ Նրանք պառկած են որպես միասնական մի ամբողջություն` շքեղաշուք հավաքված իրենց փայլատակող զարդարանքի մեջ։ Իսկ շուրջը սրբազան լռություն է, որը կարգադրում է իմ սրտին հնազանդվել։ Լարվածությամբ ականջ եմ դնում նրա հայտարարությանը։ Քո ամբողջ կյանքի ընթացքում դու ձգտում էիր վերափոխման, քանզի գոյությունը ներկայանում էր քեզ գորշ գուներանգներով։ Դու կասկածում էիր ու հուսահատվում և ահա տես` ամեն ինչ ձեռք է բերված, ամեն ինչ` կատարված։ Այն, ինչը դեռ երեկ անկենդան պառկած էր այստեղ, հուսահատ խավարի մեջ մխրճված, փայլատակում է, շողշողում ու ցնծում` ողորմածությամբ վերափոխված և ընկղմված ուրախության մեջ։ Յուրաքանչյուր խոտիկ զարդարված է ինքն իր համար, ամեն մի ճյուղիկ` սիրված ու խնամված` առանձին-առանձին։ Մերկ դաշտը նման է երանելիների արտին, տխուր անտառը` սպիտակ ու սև թելերից կազմված թափանցիկ եթերային հյուսվածքի, դատարկ այգին` ընծաներով լցված պարտեզի, որն անսպառելի է իր նոր գեղեցկության մեջ։ Նայի՛ր, այն, ինչն այսպես սրբացրած է, նորից նոր է և մաքուր, երիտասարդ և անարատ։ Այն, ինչն այդպես պարուրված է, մոռացված է ու ներված։ Այն, ինչն այդպես փայլում է, հաշտեցված։ Այն, ինչն այդպես վերափոխված է, խնդության մեջ է և հարություն է առել դեպի նոր կյանք։ Այն, ինչն այդպես կանոնավորված է, խոսում է հավիտենական ներդաշնակության մասին։ Եվ օրհնված լռությունը դառնում է ներքին անդորրություն։ Կասկածն անհետանում է։ Լույսով է ողողվում աչքը։ Հոգին, որը զգում է սեփական չարտահայտվածությունը, երախտագիտությամբ գովք է անում օրհնությանը, որն իջնում է երկնքից... Ձյո՛ւն է գալիս, ձյո՜ւն։ Միայն թե այդպես էլ մնար պառկած, որպես հիասքանչ կանխագուշակումների խնդալից երաշխիք։
Թարգմանեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ